Փետրվարի 1-5-ը ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում իրենց ձմեռային հանգիստն անցկացրին Մանկավարժական համալսարանի 60 ուսանող, յուրաքանչյուր ֆակուլտետից 6 հոգի՝ բարձր առաջադիմությամբ և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած։
Ձմեռային հանգստին մասնակցում էր նաև ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանի սան, որն արդեն ընտրել է իր ապագա մասնագիտությունը և առաջիկայում համալրելու է Մանկավարժականի ուսանողների շարքերը։
Հինգ օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին տարբեր սեմինար-քննարկումների, սպորտլանդիաների, հանդիպեցին ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ, ներգրավվեցին ժամանցային, ձմեռային խաղերում։
Բացի այդ, սովորեցին ազգային պարեր, նշեցին Սուրբ Սարգսի տոնն ու կերան աղի բլիթ, ունեցան ակտիվ, հագեցած հանգիստ, խաղացին Քվեստ, ձեռք բերեցին նոր ընկերներ։
Սեմինար-քննարկումներից մեկը, որ վարեց ՀՊՄՀ ռեկտորի նախկին ռեֆերենտ, ՈՒԽ նախկին նախագահ, ՀՊՄՀ Տրանսպորտի բաժնի պետ Ներսիկ Մարգարյանը, նվիրված էր արժեբանությանն ու ազգային արժեքներին, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ․ ծավալվեց ակտիվ քննարկում։
Հաջորդ արդիական և խիստ արդյունավետ սեմինարն՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն առաջին աշխատավայրում» թեմայով, անցկացրեց ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Էդիկ Գուլյանը։
«Շատ կարևոր թեմա էինք առանձնացրել ուսանողների համար․ քանի որ, նրանցից շատերն այսօր արդեն աշխատում են, իսկ վաղն ամբողջությամբ մտնելու են աշխատանքային փոխհարաբերությունների մեջ գործատուների հետ, անհրաժեշտ է, որպեսզի տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին, իմանան դրանք պաշտպանելու ձևերը»,-old.aspu.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Գուլյանը։
Եվ քանի որ արհեստակցական միություններն աշխատողների միավորումներ են, որոնք հենց զբաղվում են աշխատողների իրավունքների պաշտպանությամբ, սեմինարի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին նաև արհմիությունների գործառույթները, միջազգային իրավական նորմերը, հայկական օրենսդրությունը, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգիրքը։
Սեմինարի ավարտին անցկացված հարցման արդյունքների վերլուծությունը վկայեց, թե որքան արդյունավետ էր սեմինար-քննարկումը, և թե որքան բան սովորեցին ուսանողներն աշխատանքային իրավունքների ոլորտից։
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հայցորդ Արեն Ալավերդյանն էլ ուսանողներին ծանոթացրեց ժեստերի լեզվին, նրանց սովորեցրեց թրենդային երգեր՝ ժեստերի լեզվով․ «Սա նոր մշակույթ է, որի հիմնադիրներից մեկը ես եմ, և այն օգնում է սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հետ շփումներում լինել ավելի վստահ»,-մեզ հետ զրույցում նշեց Արենը։
Նախաձեռնությունը մեծ հաջողություն ունեցավ ուսանողների շրջանում։ Բոլորն առնվազն իրենց ֆակուլտետների անունները, տարրական գիտելիքներ սուրդոթարգմանությունից և մեկ երգ սովորեցին։
«Ձմեռային հանգիստ» ծրագրի ընթացքում ուսանողների հետ հանդիպեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Ջերմ և մտերմիկ մթնոլորտում նա ողջունեց ուսանողներին, պատասխանեց նրանց հուզող հարցերին։ «1 ուժ կա, որ կառավարում է աշխարհը, դա գիտելիքն ու կրթությունն է։ Ուսման ձեր մոտիվացիան պետք է լինի ձեր իսկ ապագան»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու հավելեց՝ եթե ուսանողներից յուրաքանյուրը մեկ քար ավելացնի մեր երկրի հզորացման, զարգացման գործին, ապա կունենանք աշխարհի ամենալավ երկիրը, որն իրապես ամենալավն է, բայց այն կարող եք դարձնել է՛լ ավելի լավը։
Պրոռեկտոր Հարությունյանն ուսանողների հետ խոսեց ուսուցչի ժամանակակից կերպարի մասին՝ ընդգծելով, որ այն վաղուց միայն գիտելիք փոխանցող չէ․գիտելիք այսօր աշակերտը կարող է ստանալ նաև համացանցից։
Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ ուսուցչի հիմնական առաքելությունը պետք է լինի սովորել սովորեցնելը, բազմաթիվ աղբյուրներից ճիշտ տեղեկատվության ստացման կարողությունը։
Ժամանակակից ուսուցիչը, ըստ ՀՊՄՀ պրոռեկտորի, պետք է լինի նաև հոգեբան, կարողանա ձևավորել և սերմանել արժեքային համակարգ, ընդ որում՝ ոչ միայն խոսքով, այլև սեփական օրինակով և վարվելաձևով։
Նա կոչ արեց ուսանողներին հատկապես ուշադրություն դարձնել օտար լեզուների ուսումնասիրմանը, քանի որ մեր դարաշրջանում առանց առնվազն մեկ օտար լեզվի իմացության դժվար է հասնել հաջողության։
Պրոռեկտորը զրույցի վերջում տեղեկացրեց, որ առաջիկայում անցկացվելու է հետաքրքիր ծրագիր՝ «Իմ երազանքների լսարանը»․բոլոր ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց երազած դիզայնով լսարանի նախագիծը։
Առավել հաջողվածը կյանքի կկոչվի․ ուսանողները կկարողանան ստեղծել իրենց պատկերացումների լսարանը, կամ լսարաններն, ըստ համալսարանի հնարավորությունների։
Մարիաննա Հարությունյանը լսեց ուսանողների խնդիրներն ու առաջարկությունները և խոստացավ՝ բոլորը հաշվի կառնեն։
Ուսանողներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից, և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները շարունակական կլինեն։
««Ձմեռային հանգիստ» ծրագիրն իրականացվում է արդեն 10-րդ տարին․ ի տարբերություն մյուս բուհերի, Մանկավարժականի ուսանողներն այս ծրագրից օգտվում են ամբողջությամբ անվճար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ու հավելեց՝ բուհում ուսանողական ծրագրերը բազմաթիվ են։
Ուսանողական կառույցի ղեկավարը վստահեցրեց՝ դրանցում ներգրավվում են մշտապես նոր ուսանողներ․այն ուսանողները, որոնք այս անգամ մասնակցեցին «Ձմեռային հանգիստ» ծրագրին, հաջորդ անգամ այլևս նույն ծրագրին չեն մասնակցի: Նպատակն այն է, որ շատ ուսանողներ ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան։
Ծրագրի ավարտին մասնակիցները վերադարձան ջերմ ու դրական լիցքերով, հանգստացած և լիարժեք պատրաստ ուսումնական գործընթացին։