Շարունակվում է ամենաուսանողական և ուսումնաճանաչողական այցերով գերհագեցած «Աշնանային դպրոց» միջազգային ծրագիրը։
ՀՊՄՀ-ի, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական և Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանների ուսանողներն այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր և ունեցան անմոռանալի էքսկուրսիա։
Նրանք եղան Գոշավանքի միջնադարյան վանական համալիրում, այցելեցին 305 թվականին հիմնադրված Սևանավանք և անմոռանալի հանգիստ անցկացրին Սևանի ափին։
Ծրագրի հաջորդ օրվա օրակարգը երևանյան էր․ մասնակիցներն այցելեցին Մատենադարան, ծանոթացան աշխարհում խոշորագույն ձեռագիր հավաքածուներին։
Նրանք եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան հայ ժողովրդի պատմությանն ու հայկական կոտորածների մասին անհերքելի փաստերին։
Ծրագրի մասնակիցներն այցելեցին և գլուխ խոնարհեցին նաև Մանկավարժական համալսարանի բակում տեղադրված 44-օրյա պատերազմում ՀՊՄՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի մոտ։
Օտարազգի ուսանողներն ունեցան նաև ազատ ժամանակ շրջելու աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում, ծանոթանալու վարդագույն քաղաքի պատմությանն ու հայկական միջավայրին։