ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսումնական ձեռնարկի շնորհանդես ՀՊՄՀ-ում
27.05.2022
Ուսումնական ձեռնարկի շնորհանդես ՀՊՄՀ-ում

ՀՊՄՀ Գիտական գրադարանում կայացավ Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գրքերի ցուցադրությունը։ Ֆակուլտետի՝ 111 հեղինակների 145 աշխատությունները գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը բնագիտության ոլորտում կարևոր ներդրում համարեց ։

Ցուցադրության ընթացքում կայացավ նաև «Ուսումնական համալիր դաշտային պրակտիկա և դպրոցական էկոզբոսաշրջություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։

Համահեղինակներ՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Սադոյանը, աշխարհագրական, մանկավարժական գիտությունների թեկնածու-դոցենտներ Ներսես Սամվելյանն ու Անահիտ Մինասյանն ուսումնամեթոդական ձեռնարկում անդրադարձել են ուսումնական համալիր դաշտային պրակտիկաների դերին և նշանակությանը, բովանդակությանը, կազմակերպման փուլերին, անցկացման եղանակներին ու ձևերին։

Գրքում առանձնահատուկ բաժին հատկացված է դպրոցական էկոզբոսաշրջությանը, էկոարահետների կազմակերպման եղանակներին․ առաջարկվում է դպրոցական էկոզբոսաշրջության կազմակերպման մոդելային տեղամաս։

Գիտելիքներ փոխանցելը, հետազոտության արդյունքներով կիսվելն ու ուսանողներին համապատասխան մասնագիտական գրականությամբ ապահովելն է եղել ուսումնական ձեռնարկի ստեղծման հիմքում։

Գրքի համահեղինակ, Կենաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Սադոյանը նշեց, որ ձեռնարկը միջբուհական կապերի ամրապնդման շրջանակներում ռուսասատանյան մի քանի բուհերի հետ համագործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերի արդյունքում է ստեղծվել։

Պրոֆեսոր Սադոյանը նկատում է՝ բնագիտության ոլորտում հայալեզու գրականության կարիք կար, սակայն գիրքն ունի ռուսալեզու բաժին ևս՝ նախատեսված օտարերկյա ուսանողների համար․ «Պրակտիկան ուսումնական գործընթացի կարևորագույն բաղադրիչն է։ Հուսով եմ՝ այն կդառնա սեղանի գիրք, իսկ պրակտիկայի կազմակերպման տեսանկյունից կլինի օգտակար և կլրացնի առկա բացերը»։

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է բուհերի բնագիտական մասնագիտությունների ուսանողների, մագիստրոսների և ուսուցիչների համար։

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Ներսես Սամվելյանը նկատում է՝ բնագետի մասնագիտությունն ունի կարևոր առանձնահատկություն՝ սովորել բնության լեզուն․ բնագետ դառնում են բնության մեջ։

Բանախոսը շնորհանդեսին ներկայացրեց ձեռնարկի մեթոդական կողմը՝ ընդգծելով, որ այն կարող է ուղեցույց ծառայել ուսումնական համալիր դաշտային պրակտիկաների և դպրոցական զբոսաշրջության առավել նպատակային ու արդյունավետ կազմակերպման, ուսանողների պրակտիկ գիտելիքների ամրապնդման, կարողությունների և հմտությունների զարգացման համար։

«Հայալեզու ձեռնարկը նախադեպը չունի հանրապետությունում»,-հավելեց Ներսես Սամվելյանը։

«Գիտնականի աշխատանքի գլխավոր պտուղը գիրքն է՝ տարիների և անքուն գիշերների արդյունք։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ, և չնայած դրա նկատմամբ հասարակության հետաքրքրության նվազմանը, շարունակում լինել մնայուն արժեք»,-նշում է Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Յուրիկ Մուրադյանը։

Պրոֆեսորը նկատում է՝ «Ուսումնական համալիր դաշտային պրակտիկա և դպրոցական էկոզբոսաշրջություն» ուսումնական ձեռնարկը կենսաբանության, աշխարհագրության, էկոլոգիայի համատեղ սինթեզ է և նոր խոսք մասնագիտական գրականության մեջ։

Ուսանողն ու ապագա ուսուցիչը բուհում ստացած կրթությունից բացի, պետք է ծանոթ լինեն նաև մասնագիտության պրակտիկ կողմին․գրքում զետեղված տեղեկատվությունն ու մշակված 12 երթուղին ընձեռում են այդ հնարավորությունը։

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանն էլ հավելում է՝ այսօր գիրք գրելն իսկական հերոսություն է։

Ձեռնարկի մեթոդաբանական հիմքում դրված են ուսումնառության գործընթացում ուսանողների իմացական ակտիվության զարգացման և բնագիտական կրթության հայեցակարգերը, ուսումնական համալիր դաշտային հետազոտությունների տեսամեթոդական հիմնադրույթները, դպրոցական զբոսաշրջության կազմակերպման մանկավարժա-մեթոդական փորձաքննության մեթոդները։

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Ռուզաննա Սիմոնյանը վստահ է, եթե ուսանողը «կտրված է» դաշտային պրակտիկայից, արդյունավետ չի կարող լինել նաև ուսումնական գործընթացը․ձեռնարկը գալիս է լրացնելու դաշտային պրակտիկայի բացը։

Այն, որ գրքի լույսընծայումը ճիշտ ժամանակին էր, հաստատում է նաև Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանը։

Վերջինս նկատում է՝ գրքից կարող են օգտվել, ինքնակրթվել, զարգանալ և ինքնուրույն երթուղի մշակել ֆակուլտետի բոլոր ուսանողները։ Ձեռնարկը էկոզբոսաշրջության ոլորտում նոր հեռանկարներ մշակելու լավ հնարավորություն է։

Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներ Միքայել Մկրտչյանն ու Մարիամ Սարգսյանը երկրորդելով դասախոսներին՝ վստահություն հայտնեցին, որ «Ուսումնական համալիր դաշտային պրակտիկա և դպրոցական էկոզբոսաշրջություն» ձեռնարկը կլրացնի բնագիտության ոլորտում հայալեզու գրականության և ուսումնական գործընթացում դաշտային պրակտիկայի բացը։