ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարպետաց դասեր չինացի արվեստագետներից
26.03.2019
Վարպետաց դասեր չինացի արվեստագետներից

Մարտի 25-26-ը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հյուրընկալել էին Չինաստանի Նանկին քաղաքի Մանկավարժական համալսարանի դասախոս-արվեստագետներին։

Առաջին օրը արվեստի պատմության պրոֆեսոր Սյու Ռեյը ներկայացրեց չինական արվեստի կերպարային լեզուն՝ բացահայտելով ազգային նկարչության տարածական և գունային զգացողության ու կատարողական արվեստի առանձնահատկությունները։ Պրոֆեսոր Ռեյը ցուցադրական նյութի լայն կիրառմամբ համեմատականներ անցկացրեց եվրոպական և չինական արվեստների միջև՝ տարբերությունները դարձնելով առավել ակնհայտ։

Երկրորդ հանդիպմանը վարպետության դաս անցկացրեց վայելչագրիչ (կալիգրաֆ) պրոֆեսոր Լյանգ Փեյ Սյենը և ներկայացրեց չինական արվեստի այս կարևորագույն տեսակը, ցուցադրեց վայելչագրչության համար նախատեսված վրձինների և ներկերի ստեղծման պատմությունը, դրանց նրբագույն կողմերը:

Վարպետաց դասը շարունակվեց ՀՊՄՀ-ի ուսանողների գործնական կատարումներով, հարցուպատասխանով: Ներկաները նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին` Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լի Յանգին և նույն համալսարանի ասպիրանտ Անի Մարգարյանին: Վերջիններս խոստացան համագործակցությունը դարձնել շարունակական։ 

Նշենք, որ դեռևս նախորդ տարի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը և կերպարվեստի ամբիոնի դասախոս Մելքոն Ավետիսյանը հյուրընկալվել էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նանկին քաղաքի մանկավարժական համալսարանում: Այցի ընթացքում նրանք ծանոթացել են չինական մշակույթին, համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի գործունեությանը: մանկավարժականի ներկայացուցիչներն այցի ընթացքում հանդես էին եկել վարպետաց դասերով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել չին պրոֆեսորների և ուսանողների շրջանում: