ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարպետաց դասեր ուսուցիչների համար
25.09.2018
Վարպետաց դասեր ուսուցիչների համար

Մինեսոտայի համալսարանի փորձագիտական խմբի աշխատանքային այցի շրջանակներում Երևանի ներառական կրթություն իրականացնող 54 դպրոցների ուսուցիչների համար այսօր կազմակերպվել էր վարպետաց դասեր:

Բացման խոսքով հանդես եկավ Երևան քաղաքի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը՝ նշելով ուսուցչի կարևորագույն դերը ՀՀ հասարակության մեջ ներառականության խթանման գործընթացում:

Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորների և ՀՊՄՀ-ի դասախոսների համադասավանդմամբ ներկայացվեց ներառական կրթության իրականացման համատեղ փորձի մասին:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար, կրթության ոլորտի մասնագետ Ալվարդ Պողոսյանն old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման նպատակն է ներկայացնել այն ռեսուրսները, որոնք մշակվել են երկու տարվա ընթացքում Մինեսոտայի և Մանկավարժական համալսարանի երկամյա համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում:

Ալվարդ Պողոսյանը լիահույս է, որ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կտա հայ և ամերիկացի գործընկերներին հետագա ծրագրերում հաշվի առնել նաև ուսուցիչների կարծիքներն ու տեսակետները:

«Պետական պլանով նախատեսված էր 2018 թվականին համատարած անցնել ներառական կրթության, սակայն գործընթացը հետաձգվեց, որպեսզի ուսուցիչներն ավելի պատրաստ մտնեն դպրոց, զինվեն նոր մեթոդներով ու նյութերով և կարողանան աշխատել տարբեր ունակություններով երեխաների հետ»,-նշեց կրթության ոլորտի մասնագետն ու հավելեց, որ այդ գործում մեծապես կնպաստի նաև դասագրքի կիրառումը:

Ուսուցիչների համար կազմակերպվեց 4 դասընթաց, որտեղ համատեղ աշխատելու իրենց մեթոդները ներկայացրին 4 պրոֆեսորներ Մինեսոտայի և 1 դասախոս Մանկավարժական համալսարանից: Ներկայացվեց դասը երկուսով վարելու ձևաչափը, նմանօրինակ դասի առանձնահատկություններն ու նրբությունները, մեթոդի էությունը՝ համատեղ ուսուցման փորձի ցուցադրությամբ:

Ցուցադրվեց նաև ՀՀ-ում ներառական կրթության բարեփոխումների մասին պատմող «Ճանապարհ դեպի ներառականություն» ֆիլմը:

Մանկավարժական համալսարանի և Մինեսոտայի համալսարանի դասախոսները ներառական կրթության իրենց փորձն ու մշակած նոր մեթոդները կներկայացնեն նաև Վանաձորի համալսարանում: