Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի 12 դասախոս շարունակում է մասնակցել ԱՄՆ «Պերկինս» միջազգային կազմակերպության մոդուլային վերապատրաստումներին:
Նախորդիվ առցանց եղանակով տեղի էր ունեցել եռօրյա վերապատրաստում։
Այս անգամ վերապատրաստող մասնագետներն այցելեցին Հայաստան. վերապատրաստումները տեղի ունեցան Խարբերդի մասնագիտացված մանկատանը, իսկ երրորդ ամփոփիչ օրը՝ Մանկավարժական համալսարանում։
Վերապատրաստումների մոդուլային ծրագիրը տևելու է մեկ տարի, որից հետո Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսումնական ծրագրերով նախատեսված ընտրովի դասընթացները կվերանայվեն և կներդրվեն նորերը։
Ծրագրի շնորհիվ՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան գործող ժամանակակից մեթոդաբանությամբ իրականացնել զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների գնահատման գործընթաց։
Վերապատրաստման մեկնարկին ներկա էին նաև «Պերկինս» միջազգային կազմակերպության տնօրեն Դարյա Յուդովիչը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը, ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Վերջիններս նշեցին նախաձեռնության կարևորությունը՝ ընդգծելով դրա արդիականությունն ու և պահանջվածությունը:
Կարևորվեց նաև համագործակցության շարունակականությունը, փորձի փոխանակումը, ինչպես նաև Խարբերդի մասնագիտացված մանկատանը շարունակական պրակտիկայի կազմակերպումը։