ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում և ուսուցում՝ պրոֆեսոր Շերի Քլիինից
14.04.2023
Վերապատրաստում և ուսուցում՝ պրոֆեսոր Շերի Քլիինից

Եռամսյա այցով Մանկավարժական համալսարանում էր Միչիգանի Գրանդ Վելլի համալսարանի պրոֆեսոր Շերի Քլիինը: Պրոֆեսորը բուհում է «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում և վերապատրաստում է Ռոմանագերմանական ամբիոնի դասախոսներին, դասավանդում ուսանողներին՝ հետազոտական աշխատանք իրականացնելու ուղղությամբ։ Վերջինս կրթության գործի կազմակերպման, դասավանդողներ պատրաստող առաջատար մասնագետներից է և Հայաստանում է իր հետազոտական աշխատանքի շրջանակներում՝ ուսումնասիրելու մանկավարժներ պատրաստող բուհի դասախոսների և ուսանողների փորձը։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը պրոֆեսորի այցն ու գործունեությունը բուհում կարևորում է մի քանի տեսանկյունից․ «Լեզվակիր դասախոս-մասնագետի ներկայությունը յուրատեսակ շունչ և մթնոլորտ է հաղորդել համատեղ աշխատանքին և դասապրոցեսին․ մի կողմից նպաստում է հաղորդակցաման մեթոդների և նոր մեթոդաբանության ներդրմանը, մյուս կողմից՝միջմշակութային հաղորդակցությանը»,-www.old.aspu.am-ի հետ զրույցում նշեց դեկան Միքայելյանն ու բարձր գնահատեց նման վերապատրաստումների արդյունավետությունը։

Տիգրան Միքայելյանն առանձնացրեց հատկապես պրոֆեսորի դասալսումներն ու նրա ծանոթությունը առարկայական ծրագրերին, ինչը հնարավորություն է տալիս ունենալ օբյեկտիվ գնահատական, իսկ ուսանողների հետ հանդիպումների ընթացքում՝ վերհանել հետազոտական աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։ Թեև ամերիկյան կրթական համակարգը խիստ տարբեր է, սակայն դեկանը նկատում է՝ գնահատման մեխանիզմները, մեթոդները, ստուգման ձևերը հետաքրքրական են։
Ռոմանագերմանական ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոհար Մելիքյանն էլ Շերի Քլիինի այցը կարևորեց մագիստրոսների համար․ պրոֆեսորը կոնկրետ թեզերի վրա նրանց սովորեցրեց հետազոտական աշխատանք կատարելու որոշ չափանիշներ, ապա համատեղ աշխատանքի ընթացքում վերհանեց մագիստրոսական աշխատանքների բացթողումները, կատարել լրացումներ։

«Թեև ուսուցիչ կրթելու համակարգերը երկու երկրներում տարբեր են, սակայն Շերի Քլիինը դասախոսներին վերապատրաստում է հատկապես գնահատման գործիքակազմի, վերջնարդյունքները ձևակերպելու, հետազոտական աշխատանքը չափելի դարձնելու և նախագծային ուսուցման մեթոդների շուրջ»,-նշեց Գոհար Մելիքյանն ու վերապատրաստվող դասախոսների անունից փոխանցեց՝ պրոֆեսորի այցն առավել քան արդյունավետ էր։

Ամփոփելով իր առաջին այցն ու գործունեությունը Մանկավարժականում՝ պրոֆեսոր Քլիինը խոստովանում է՝ մեծ պատիվ էր իր կուտակած փորձառությունը կիսել մանկավարժներ պատրաստող դասախոսների հետ․ «Ես ձգտում եմ ստեղծել յուրատեսակ կամուրջ երկու երկրների միջև, որ կարողանանք երկուստեք գիտելիք և փորձ փոխանակել»,-նշեց պրոֆեսորն ու հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական։

Շերի Քլիինը հավելեց նաև, որ իր գործունեության ընթացքում շատ է ճամփորդել, սակայն Հայաստանից մեկնում է՝ գործընկերներին փոխանցելու իր տպավորություններն ու ներկայացնելու, որ համագործակցելու, փոխանակման բազում հնարավորություններ կան։