ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ՝ անգլերենի ուսուցիչների համար
22.03.2018
Վերապատրաստումներ՝ անգլերենի ուսուցիչների համար

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ուսուցման ամբիոնի դասախոս Ասյա Տոնոյանի և Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Ասատրյանի մասնակցությամբ բուհում անցկացվում են օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստումներ:

ԱՄՆ-ի դեսպանության հովանավորությամբ գործող AELTA միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող թրեյնինգների արդյունքում ՀՊՄՀ-ի դասախոսները կստանան թրեյնինգներ կազմակերպելու իրավունք:

Օտար լեզուների ուսուցման ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանն old.aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ միջազգային կազմակերպությունների անդամ լինելն ու նման վերապատրաստումներ անցկացնելը նպաստում են օտար լեզուների դասավանդման որակի բարձրացմանն ու փորձի փոխանակմանը:

«Այս դասընթացն ուսուցանում է, թե ինչպես ուսանողին կամ աշակերտին սովորեցնել մտածել, կատարել վերլուծություններ ու հետևություններ: Հանրապետության տարբեր շրջանների ուսուցիչներ հնարավորություն են ունենում կապեր հաստատել միմյանց հետ, ուսումնասիրել դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ նոր մոտեցումներ՝ դրանք իրենց աշխատանքում կիրառելու նպատակով»,-նշեց Անահիտ Լալաբեգյանն ու հավելեց, որ թրեյնինգներում ներգրավել են նաև մագիստրոսներին:

Վերջինս նշեց նաև, որ սա բացառիկ հնարավորություն է սերտացնել դպրոց-բուհ համագործակցությունը, ամրապնդել անգլերեն դասավանդող ուսուցիչների փոխադարձ կապը:
Վերապատրաստող Ռուզաննա Ասատրյանն էլ հավելեց, որ վերապատրաստումներում ակտիվ մասնակցում են ոչ միայն դպրոցների շուրջ 40 ուսուցիչներ, այլև Օտար լեզուների ֆակուլտետի դասախոսներ, որոնց համար նույնպես սա նոր մեթոդների ծանոթանալու լավ հնարավորություն է:

«Խմբային աշխատանքներ, նոր մեթոդների, գործիքների կիրառում, աշակերտական և ուսանողական լսարանի հետ աշխատելու հմտություններ. երկօրյա վերապատրաստումների ընթացքում դասախոսներն ու ուսուցիչները տեսական գիտելիքները կիրառեցին նաև գործնական աշխատանքներում»,-նշեց Ռուզաննա Ասատրյանն ու ուսուցիչների անունից վստահեցրեց՝ սա փորձի փոխանակման լավագույն հնարավորություն է և տարբեր լսարաններում դասավանդելու փորձառություն:

Նշենք, որ թրեյնինգներին ներկա էին նաև AELTA միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: