Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում հայասատանյան բուհերի ներկայացուցիչները՝ այդ թվում նաև ՀՊՄՀ-ից, վերապատրաստվեցին Լիսաբոնի տեխնիկական համալսարանում:
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում Մանկավարժականից վերաօատրաստումներին մասնակցեցին Աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտորի խորհրդական Քրիստինա Ծատուրյանը, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, մասնագետ Ռաիսա Ավետյանը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ Անի Սահակյանը:
Վերապատրաստման նպատակն էր զարգացնել բուհերի միջազգայնացման մարքեթինգային կարողություններն ու հմտությունները, դիտարկել միջազգայնացումը որպես թիրախ յուրաքանչյուր բուհի միջազգային ասպարեզում տեսանելիության բարձրացման, ինչպես նաև երկրի ներսում բուհի վարկանիշավորման տեսանկյուններից:
Մասնակիցները ծանոթացան եվրոպական տարբեր երկրների միջազգային փորձին, ինչը հիմք կհանդիսանա հետագայում այդ փորձը տեղայնացնելու և իրատեսական բենչմարքինգ իրականացնելու համար:
Վերապատրաստվողներն այցելեցին Գալուստ Գյուլբենկյանի տուն-թանգարան, որտեղ հյուրընկալվեցին հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին:
Վերապատրաստումներին հաջորդեց նաև ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև հետագա գործողությունների շրջանակը:
Ի դեպ, վերապատրաստված մասնակիցները նմանատիպ վերապատրաստումներ կիրականացնեն հայաստանյան մասնակիցների համար:
Հիշեցնենք, որ ծրագրի համակարգողն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը: