«Իդերք» միջազգային ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում կանցկացվեն երկօրյա վերապատրաստումներ՝ «Ընթերցանություն և ըմբռնում» խորագրով։
Ծրագիրն իրականացվում է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) ֆինանսավորմամբ` Վիշեգրադյան խմբի (V4)` Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի համալսարանների համատեղ ջանքերով, որին անմիջական մասնակցություն ունի նաև Մանկավարժական համալսարանը։
Ծրագրի տեսական հենքը ձևավորել են համալսարանական հետազոտությունները՝ առանաձնացնելով ընթերցանության տարբեր հայեցակետեր՝ ուսումնական, գիտաճանաչողական, 21-րդ դարի հետազոտությունների համատեքստում, ընթերցանության մանկավարժական ներուժն ու կարևությունը, զարգացման հիմնական մեխանիզմները։
Ծրագրի ներկայացուցիչները՝ Սլովակիայի Նիտրա քաղաքի փիլիսոփա Կոնստանտինի անվան համալսարանի Արվեստների ֆակուլտետի պրոֆեսոր Եվա Ստրանովսկան, Լեհաստանի Բելսկո Բյալա համալսարանի պրոֆեսոր Զդենկա Գադուշովան և Պրագայի բարձրագույն տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Լիբոր Պավերան այսօր Մանկավարժականում էին։
Համակարգող կազմը վերապատրաստվողներին ներկայացրեց ծրագրի հիմնական դիտարկումները, ընթերցանության խորքային ըմբռնումներ հարացույցի նկարագրիչներն ու գործնական ձեռնարկը, որտեղ զետեղված են գործնական դասեր։ Արդյունքերի համար հիմք են ծառայել հետազոտող համալսարանների կատարած փորձագետների հետազոտությունները՝ հոգեբանական, հոգեբանամանկավարժական, կրթական այն առաջնահերթյունները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ ընթերցանությունն ու դրա խորքային ըմբռնման հարացույցը։
Ի դեպ, գրքի թեստավորմանը մասնակցել են նաև Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները։ Ինչպես նշեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը՝ բուհը մասնակցում է ոչ միայն ծրագրի ավարտական փուլի վերջնական քննարկմանը, թեստավորմանն ու ներկայիս փուլին, այլև՝ ծրագրի դրական արդյունքների ու առաջանցիկ փորձի ներդրմանը հայաստանյան կրթական համակարգում․ «Վերապատրաստումներին մասնակցում են գործող և հետազոտող ուսուցիչներ, մանկավարժության ոլորտի դասախոսներ, մագիստրոսներ։ Մանկավարժական համալսարանի փորձագիտական խումբը ուսուցչական համայնքի միջոցով է նաև համակարգում ծրագիրը՝ դրա արդյունքների հաստատման և արժեքի վերջնական ճշգրտման համար»։
Նշենք, որ վաղը նախատեսվող վերապատրաստումների շրջանակներում մասնագիտական խմբերի բաժանված մասնակիցները կստեղծեն աշխատարաններ՝ հիմնվելով այսօր ստացած տեսական գիտելիքների վրա։