ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ՝ միտված փափուկ հմտությունների զարգացմանը
08.09.2025
Վերապատրաստումներ՝ միտված փափուկ հմտությունների զարգացմանը

Մանկավարժական համալսարանի և «ԷԿՍԵՈ» հիմնադրամի համագործակցությամբ բուհում մեկնարկեց 4-ամսյա վերապատրաստումների շարք 5 մոդուլով:

Ծրագիրն իրականացվում է «Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի աջակցությամբ.այն միտված է դասախոսական կազմի փափուկ հմտությունների զարգացմանը։

Հուզական բանականություն, ուսումնառության մոտիվացիա, փոփոխությունների կառավարում, քննադատական մտածողություն, վիզուալիզացիա և երևակայական հմտությունների զարգացում, արհեստական բանականության գործիքների կիրառում դասավանդման և ուսուցման գործընթացում, դասավանդման ինտերակտիվ մեթոդներ և այլն․հանդիպման առաջին օրը դասընթացավարները ներկայացրին վերապատրաստման նպատակը, դասավանդման և ուսումնառության թեմաների շրջանակը, խոսեցին ակնկալիքների և սպասվող արդյունքների մասին։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը կարևորեց վերապատրաստումներն ու ներկայացվող թեմաները՝ ընդգծելով՝ ինչպես մեր հասարակությունում, այնպես էլ բուհում, վաղուց նկատելի էր այդ ուղղությամբ բացը։

Նա լիահույս է, որ մասնակիցները գիտակցում են վերատատրաստումների կարևորությունը․ գիտելիքին զուգահեռ, այն կզինի անհրաժեշտ հմտություններով, ինչն օրվա հրամայականն է նաև կրթության գործընթացում․ «Վստահ եմ՝ վերապատրաստումների 4 ամիսը ձեզ համար կլինի որակապես նոր բացահայտումների շրջան, ինչն էլ կարտահայտվի դասապրոցեսում»։

Դասընթացավար Քրիստինա Ծատուրյանը, որ շուրջ 15 տարվա փորձ ունի կրթության ոլորտում, նկատում է՝ փափուկ հմտություններն արդիական են և օրվա պահանջ․ այդ առումով կարևոր է՝ ինչպես ենք արձագանքում փոփոխություններին և կարողանում իրացնել այդ ամենը։ Վստահ է՝ ինտերակտիվ վերապատրաստումները կօգնեն սովորել իրարից, իսկ հարցումների շնորհիվ կբարելավվի ծրագիրը՝ հետագայում առավել կարիքահեն իրականացնելու։

Նշենք, որ ծրագրի ավարտին մասնակիցները հեքըթոնային ձևաչափով պետք է ներկայացնեն իրենց նախագծերը՝ ամփոփելու դասընթացների շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, ցույց տալով դրա կիրառումը ամենօրյա դասավանդման և ուսումնառության պրակտիկայում։ Ավարտին կտրվի 3 կրեդիտով վկայական։