ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն այսօր հավաստագրեր հանձնեց «Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով վերապատրաստման ծրագրի մասնակիցներին։
5-օրյա ծրագիրն անցկացվել է ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության համագործակցության շրջանակներում։
Վերապատրաստումները տևել են հունվարի 30-ից փետրվարի 3-ը․ ամբիոնի դասախոսներն այս անգամ վերապատրաստել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին։
Դասընթացի նպատակն էր շախմատը դիտարկել որպես կրթական գործիք՝ դաստիարակների մոտ ձևավորելով 5-6 տարեկան երեխաների զարգացման գործընթացում այն կիրառելու կարողություններ։
Պրոռեկտոր Իսպիրյանն ընդգծում է՝ Մանկավարժականում կարևորվում է գործընթացը․2011 թվականից պարբերաբար, տարբեր ուղղություններով կազմակերպվում են վերապատրաստումներ, անցկացվում հետազոտություններ՝ վերհանելու մանկավարժության ոլորտի հիմախնդիրները՝ դրանք կարգավորելու նպատակով։
Մարիամ Իսպիրյանը վստահեցրեց՝ պատրաստ են լսել կարծիքներ՝ վերապատրաստումներն էլ ավելի որակյալ կազմակերպելու նպատակով․ «Մեր երկրում չափազանց կարևոր է կրթական համակարգի զարգացումը․ դրա հիմքը նախակրթարաններն ու մանկապարտեզներն են։ Պատրաստ ենք աջակցել և լինել ձեր կողքին»։
«Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով վերապատրաստման դասընթացն ընթացավ փոխհամագործակցության, երկխոսության ձևով․ դաստիարակներին ներկայացվեցին շախմատի կիրառմամբ երեխաների զարգացմանը նպաստող հետաքրքիր մեթոդներ, խաղեր, աշխատանքի կազմակերպման զանազան ձևեր։
Ծրագրի մասնակիցներին շնորհավորեցին նաև «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանն ու գործընթացը համակարգող ամբիոնի դոցենտ Մարիաննա Ամիրաղյանը։
Վստահեցնում են՝ գործընթացը կազմակերպվել է ամենայն պատասխանատվությամբ՝ ընդգրկելով լավագույն մասնագետների։
Լիահույս են՝ վերապատրաստումների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները հաջողությամբ և արդյունավետորեն կկիրառվեն երեխաների հետ աշխատանքում, մանկավարժական գործընթացում, իսկ շախմատը՝ որպես կրթական գործիք, կնպաստի երեխայի ամբողջական զարգացմանը։