Հունիսի 23-29-ը Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում 29 ներկայացուցիչ Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլիի համալսարանում մասնակցեց վերապատրաստմանը, ինչպես նաև միջազգայնացման շաբաթին և ծրագրի համակարգման հանդիպմանը:
Ձեռնարկին Հյասատանից մասնակցում էին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի պետական, Վանաձորի պետական համալսարաններից, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնից:
Մեկշաբաթյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլիի համալսարանի միջազգային բաժնի կառուցվածքին, ռազմավարությանը, իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև յուրաքանչյուր հաստատություն ներկայացրեց իր բուհի միջազգային բաժնի առկա աշխատանքներն ու կառուցվածքը: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցել նաև Erasmus+ SUCTI ծրագրի կոնֆերանսին, որի համակարգողն է Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլիի համալսարանը: Erasmus+ SUCTI ծրագիրն ուղղված է միջազգայնացման խթանմանը համալսարանների ադմինիստրատիվ աշխատակիցների շրջանակում:
Վերապատրաստումներին հաջորդեց ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի հետագա գործողությունների շրջանակը:
Վերապատրաստված մասնակիցները կանցկացնեն նմանատիպ վերապատրաստումներ հայաստանյան մասնակիցների համար:
Նշենք, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է և ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի կողմից: