ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում
25.06.2025
Վերապատրաստվեցին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Հունիսի 16-19-ը Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորությամբ, Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում էր։

Էրազմուս+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի շրջանակներում բուհի Կրթության և Սոցիալական աշխատանքի ֆակուլտետը վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով հյուրընկալել էր ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցչի՝ Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Պորտուգալիայից։

Ի դեպ, ՀՊՄՀ-ն Էրազմուս+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի համակարգողն է:

Վերապատրաստման առաջին օրը մասնակիցներին ողջունեցին Վալյադոլիդի համալսարանի Կրթական նորարարության և թվային վերափոխման գծով պրոռեկտոր Սյուզանա Ալվարեսն ու VirtUVa-ի տնօրեն (Վալյադոլիդի համալսարանի առցանց ուսուցման, վերապատրաստման և կրթական նորարարության կենտրոն) Ռութ Պինեդո Գոնսալեսը։

Ծրագրի համակարգող, ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն իր ելույթում ընդգծեց T4GREEN-ի կարևոր դերը Հայաստանի և Մոլդովայի կրթական համակարգերի զարգացման գործում։

Նա իր երախտագիտությունը հայտնեց Վալյադոլիդի համալսարանին՝ վերապատրաստման շաբաթը բարձր մակարդակով կազմակերպելու, ծրագիրն արդյունավետորեն իրականացնելու համար։

Վերապատրաստման առաջին օրը շարունակվեց խմբային աշխատանքներով․ հաշվի առնելով, որ ծրագրի կարևորագույն վերջնարդյունքը գործընկեր համալսարաններում ԲՏՃՄ, օտար լեզուների և հատուկ կրթության ուղղությամբ ծրագրերի վերանայումն է հանուն կանաչ և թվային անցման, համալսարանների հետ քննարկվեցին այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Այցի երկրորդ օրը խմբային աշխատանքներ եղան թվային և կանաչ անցման գործնական մեթոդների շուրջ, ինչին հաջորդեց «PROMISED» նախագծի փորձի վերաբերյալ դասախոսությունը։

Այցի շրջանակներում մասնակիցները եղան նաև Սեգովիա քաղաքում, որտեղ գտնվում է Վալյադոլոիդի համալսարանի Կրթության ֆակուլտետի կամպուսը: Սեգովիայի համալսարանի աշխատակիցները ներկայացրին ուսուցիչների պատրաստման լավագույն փորձը՝ համահունչ 21-րդ դարի պահանջներին և զարգացումներին:

Վերապատրաստման վերջին օրը եղան քննարկումներ, ծրագրի ընթացիկ արդյունքների գնահատում։

Ծրագրի արտաքին գնահատող, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարանից Վիկտոր Կորդասը ներկայացրեց վերջին 18 ամիսների ընթացքում ծրագրի արտաքին գնահատման արդյունքերը, հանդես եկավ առաջարկներով:

Այցն ավարտվեց ծրագրի համակարգման վերաբերյալ հանդիպմամբ․ ամփոփվեցին վերջին ամսիներին իրականացված աշխատանքները, պլանավորվեցին հետագա գործողությունները: