ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում
10.06.2025
Վերապատրաստվեցին Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-6-ը Ֆինլանդիայի Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում էր։

Էրազմուս+ DeSIRe (Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում) ծրագրի շրջանակում անցկացված վերապատրաստումներին մասնակցում էին նաև Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Փանոսյանը, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ Սուսաննա Մուրադյանը։

Վերապատրաստման ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացան մեդիա և թվային գրագիտության, առաջնահերթությունների սահմանման և որոշումների կայացման հմտություններին, սովորեցին՝ ինչպես լուսանկարների և տեսանյութերի միջոցով արտահայտել անձնական նպատակներն ու խթանել վերլուծական մտածողությունը։ Բացի այդ, Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները ուսումնասիրեցին արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով կրթական գործընթացում տվյալների վերլուծության կիրառումը, ինչպես նաև համակարգային ինժեներական մոտեցումները, որոնք կարևոր դեր են կատարում բարդ միջավայրում առաջնահերթություններ սահմանելու հարցում։

Վերապատրաստման վերջին օրը նվիրված էր ստեղծագործական մտածելակերպի և խնդիրների լուծման հմտությունների զարգացմանը․ պրոֆեսոր Չեչուրինը ներկայացրեց նորարարական լուծումների համակարգային մոտեցման TRIZ մեթոդաբանությունը։ Այն վերաբերում էր ինտերակտիվ քննարկումների և գործնական վարժությունների միջոցով ստեղծագործական մտածողության՝ որպես հմտության, զարգացնելու գործընթացին։

Վերապատրաստման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև «Հուզական և սոցիալական ինտելեկտ» թեմայով զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC) նախագծմանը։ Այն նպատակ ուներ զարգացնել համալսարանական աշխատակիցների և ուսանողների հուզական ու սոցիալական ինտելեկտը՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ։

Հիշեցնենք, որ Էրազմուս+ DeSIRe (Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում) եռամյա ծրագրի համակարգողը Վանաձորի պետական համալսարանն է։