ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին նորաստեղծ լաբորատորիայում
03.06.2025
Վերապատրաստվեցին նորաստեղծ լաբորատորիայում

ՀՊՄՀ-ի «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի աշխարհագրության լաբորատորիան այսօր հյուրընկալել էր Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների աշխարհագրության ուսուցիչների։

Նպատակն էր ծանոթացնել կառույցի նորագույն սարքավորումներին, մասնավորապես՝ եղանակային դիտումների համար նախատեսված դպրոցական օդերևութաբանական տեղակայանին, քարտեզագրական մի շարք գործիքների՝ կուրվիմետր, կողմնացույց և այլն, որոնք կիրառվում են տեղանքում կողմնորոշվելու, քարտեզների, հատակագծերի և գլոբուսի վրա կորագծերի երկարությունների չափման համար:

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիետա Մուրադյանը, դոցենտ Սամվել Կրոյանն ու ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանն ուսուցիչների համար անցկացրին վարպետության գործնական դաս՝ նորաստեղծ լաբորատորայի ժամանակակից սարքավորումների կիրառմամբ։

Ուսուցիչները նաև հնարավորություն ունեցան աշխատելու կետի աշխարհագրական կոորդինատները և ծովի մակարդակից բարձրությունը գտնելու համար նախատեսված լաբորատորիայի գլոբալ տեղորոշման համակարգով /GPS սարքերով/։

Հանդիպման մասնակիցները Մանկավարժական կատարած այցը գնահատեցին արդյունավետ․ գործնական մասից բացի, քննարկվեցին աշխարհագրության ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր։ Ուսուցիչները հույս հայտնեցին, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական։

Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է գերազանցության եզակի կենտրոն՝ տեխնիկապես հագեցած լաբորատորիաներով, որոնք միտված են ծառայելու աշակերտական խմբերին և վերապատրաստվող ուսուցիչներին։