ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին «Քայլ առ քայլ»-ում
23.12.2015
Վերապատրաստվեցին «Քայլ առ քայլ»-ում

Այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետի 33 ուսանող «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից ստացավ վկայական՝ դեկտեմբերի 9-10-ը համանուն ծրագրի շրջանակներում  վերապատրաստվելու համար: 

Բուհը հյուրընկալած հիմնադրամի  տնօրեն  Ռուզաննա Ծառուկյանն ու Մարինե  Մկրտչյանը չթաքցրին՝ ուսանողներից ունեցած ակնկալիքներն արդարացվեցին. մոտիվացիան, ակտիվությունը, շահագրգռվածությունը, հետաքրքրությունը նոր գիտելիքների,  սովորելու, լսելու և իմանալու ցանկությունն իրապես արժանի է խրախուսման:  

«Սա կազմակերպության կողմից ուսանողների հետ տարվող պիլոտային ծրագիր է՝ մեր և ֆակուլտետի համատեղ որոշումը: ՀՊՄՀ-ն, լինելով մանկավարժական մայր բուհ, առաջին  հաստատությունն է, որի հետ համագործակցությունն ընդլայնվեց. մանկավարժներից բացի, վերապատրաստվեցին նաև մագիստրոսները՝  դպրոց մուտք գործելու  նախաշեմին կանգնած ուսանողները»,-նշեց Ռուզաննա Ծառուկյանը:

Վերջինս վստահեցրեց՝ ուսանողների կողմից լրացված գնահատման թերթիկը անպատասխան չի մնա. համագործակցությունը շարունակելու համար նախատեսվում են քննարկումներ, որոնք կկառուցեն կրթական կարիքներն ու դրան համապատասխան կուղենշեն գործընկերության ուղղությունները Մանկավարժական համալսարանի հետ.«Բժշկի և ուսուցչի մասնագիտություններն ինձ համար ամենակարևորն են. առաջինին վստահում ենք մեր կյանքը, երկրորդին՝ երեխաներիին, իսկ նրանցից ավելի թանկ բան  չկա աշխարհում»:

Վերապատրաստում իրականացրած Մարինե Մկրտչյանն էլ նկատեց՝ հետազոտությունները ցույց են տալիս՝ ամենակարևորը ճիշտ դրված հիմքն է:

Ձեռնարկին ներկա պրոռեկտոր, «Քայլ առ քայլ»-ի վերապատրաստումներին բազմիցս մասնակցած Սրբուհի Գևորգյանը վստահ է՝ ծրագիրը չափազանց հետաքրքիր  է և հնարավորություններով լի:

Նախաձեռնությունը կօգնի պրակտիկայում նոր ինովացիոն ծրագրերի, ինտերակտիվ մեթոդների, մանկավարժական գիտելիքների,  կարողությունների ներդրմանը.« Ապագա մանկավարժը նախաձեռնության շնորհիվ  կարող է ստանալ նաև այն բաղադրիչը, որը որպես վերջնարդյուք կնպաստի  գործնական հմտություների ձևավորմանը, որն էլ   գերկարևորված  կլինի մանկավարժի մասնագիտական գործունեության ողջ   ընթացքում»:  

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը վստահ է՝ Սկզբնական կրթության ֆակուլտետը ճիշտ  ուղու վրա է. մագիստրատուրայի ուսանողը պետք է տիրապետի ժամանակակից տեխնոլոգիաներին, ունենա  համեմատական  մտածելակերպ, կարողանա վերլուծել, եզրակացություն անել, իսկ սեմինարն այդ առումով  շատ օգտակար է:

Ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Սվետլանա Մարությանն էլ ծրագիրն աննխադեպ համարեց.մագիստրոսներից զատ, վերապատրաստվողների շարքում են նաև բակալավրիատի ավարտական կուրսի այն ուսանողները, ովքեր որոշել են շարունակել մասնագիտական կրթությունը:

Ուսումը աշխատանքի հետ համատեղած մագիստրոս Թամար Անտոնյանը վերապտրաստման օգտակարության գործակիցը բարձր համարեց՝ նկատելով՝ նոր մեթոդները հենց հաջորդ օրվանից ներդրել է իր աշխատանքում:

Մասնագիտական գործունեությունը «Քայլ առ քայլ»-ում սկսած Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը չի թաքցնում՝ հենց նրանց է  շնորհակալ  ձեռք բերած հմտությունների համար. կազմակարեպության ծրագրերը  աքսիոմա են մասնագիտական շրջանականերում.գործում են պրոֆեսիոնալ, հետևողական  են. անդրադառնում են կարևորագույնին:

Դեկանը վաղ տարիքի երեխաների զարգացմանն ու կրթությանն առնչվող նոր, ժամանակակից մոտեցումների մշակման ու տարածման անգնահատելի ներդրման, ինչպես նաև ֆակուլտետի  հետ արդյունավետ համագործակցության համար շնորհակալագիր և ուսանողների պատրաստած ձեռագործ նվեր  հանձնեց «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: