Erasmus+ DeSIRe ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ում շարունակվում են անցկացվել վերապատրաստումներ․այս անգամ դասընթացին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների փափուկ հմտությունները, որոնք առանցքային դեր ունեն 21-րդ դարի աշխատաշուկայում հաջողության հասնելու համար։
Այն կառուցված էր չորս հիմնական թեմատիկ ուղղություններից՝ մեդիագրագիտություն և թվային գրագիտություն, արդյունավետ որոշումների կայացման և առաջնահերթությունների սահմանման հմտություններ, ստեղծագործական մտածողություն, հուզական և սոցիալական բանականություն։ Դասընթացավարը Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանն էր։
Դասընթացի ընթացքում կարևորվեց նաև առաջնահերթությունների սահմանման և բարդ որոշումների կայացման հմտությունների զարգացումը։ Մասնակիցները ծանոթացան մի շարք գործիքների և մեթոդների, որոնք կիրառելի են ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային միջավայրում, այդ թվում՝ էյզենհաուերի, MoSCoW, «Կողմ և դեմ», «Որոշումների ծառ» մեթոդներին, ինչպես նաև Պարետոյի սկզբունքին։
Մասնակիցները ձեռք բերեցին թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ՝ ուղղված ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համահունչ անձնական և մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հանդիպումների ընթացքում կիրառվեցին նաև գործնական ուսուցման մեթոդներ՝ թիմային աշխատանք, ստեղծագործական վարժություններ, իրավիճակային վերլուծություններ, ակտիվ քննարկումներ։
Մասնակիցները ներկայացրին դիտարկումներ, քննարկեցին կիրառելիության հնարավորություններն իրենց աշխատանքային միջավայրերում և նշեցին վերապատրաստման գործնական կիրառելիության բարձր մակարդակը։ Ինչպես նշեցին նրանք՝ ներկայացված մեթոդները նպաստեցին թե՛ ուսուցման արդյունավետությանը, թե՛ խմբային փոխազդեցությանը։