ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվում են ՀՊՄՀ-ի երիտասարդ աշխատակիցները
03.12.2021
Վերապատրաստվում են ՀՊՄՀ-ի երիտասարդ աշխատակիցները

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանի մարզերից և Երևանից 25 երիտասարդ մասնակցել է  ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմակերպված «Երիտասարդական աշխատողների վերապատրաստում» եռափուլ դասընթացին:

Մանկավարժական համալսարանից վերապատրաստմանը մասնակցում էին Բանասիրական ֆակուլտետի դեկանատի մասնագետ Հովհաննես Սարգսյանը և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Ջուլիետա Գրիգորյանը։

Երկամսյա վերապատրաստումների ընթացքում մասնակիցները հանդիպումների, սեմինար-քննարկումների, դասախոսությունների միջոցով ծանոթացան երիտասարդական աշխատանքի պատմությանը, հիմունքներին, երիտասարդական քաղաքականությանը, պետական հայեցակարգին, խնդիրներին, երիտասարդների հետ աշխատելու առանձնահատկություններին, հմտություններին։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները ծանոթացան նաև ոչ ֆորմալ կրթության ժամանակակից մեթոդներին, տեղական և միջազգային կառույցների կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերին:

ԿԳՄՍ նախարարության ընտրությամբ՝ ՀՊՄՀ ներկայացուցիչներ Հովհաննես Սարգսյանը և Ջուլիետա Գրիգորյանը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը մասնակցեցին նաև Եկատերինբուրգում Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարան անցկացվող «ԱՊՀ անդամ երկրների երիտատասարդների հետ աշխատանքի կազմակերպում» վերապատրաստման եռօրյա դասընթացներին։ Ի դեպ, Հայաստանը ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական քաղաքականության կազմակերպությանն անդամակցում է 2003 թվականից:

Այցի շրջանակներում Հայաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և ՌԴ տարբեր շրջաններից ժամանած 20 մասնակիցները հանդիպումներ ունեցան ՌԴ Սվերդլովսկի մարզի և Եկատերինբուրգ քաղաքի երիտասարդական աշխատանքները համակարգող մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, Բ․ Ն․ Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի Երիտասարդների հետ աշխատանքի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, Սվերդլովսկի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ:

Վերջիններս ներկայացրին տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու օրենսդրական նախաձեռնությունները, երիտասարդների անձնային և մասնագիտական աճին միտված ծրագրերը:  

Այցի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց երկրներում երիտասարդական աշխատանքների հաջողված փորձով, քննարկեցին երիտասարդական քաղաքականության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները, նախանշեցին հետագա համագործակցության մի շարք համատեղ ծրագրեր։

Մասնակցիներն այցելեցին նաև Եկատերինբուրգ քաղաքի կրթական և մշակութային հաստատություններ, թանգարաններ:

Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները ստացան մասնակցության հավաստագրեր և հրավեր՝ մասնակցելու Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպվող ուսումնական ծրագրի։ Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան  վկայականներ՝  համագործակցելու ԱՊՀ անդամ երկրների երիտասարդների հետ: