ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվում են ուսուցիչները
28.06.2023
Վերապատրաստվում են ուսուցիչները

Հունիսի 21-ից հուլիսի 12-ը Մանկավարժական համալսարանում անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած կամավոր ատեստավորման արդյունքում՝ 0-59 միավոր հավաքած ուսուցիչների առարկայական վերապատրաստումը։

Վերապատրաստման նպատակն է օգնել ուսուցչին լրացնելու և հարստացնելու դասավանդվող առարկայի բովանդակության տեսական նյութը, զարգացնելու գործնականում այն կիրառելու կարողությունները։

Մանկավարժականում վերապատրաստվում է 364 ուսուցիչ՝ թվով 22 խմբերում․ 12 առարկայից ձևավորվել է 1-ական խումբ, պատմություն և հայոց լեզու առարկայից՝ 2-ական, մաթեմատիկայից՝ 6։

Դասընթացի տևողությունն 90 ակադեմիական ժամ է՝ ներառող տեսական, գործնական մաս և ինքնուրույն աշխատանք։

Տեսական մասում ամփոփ ներկայացվում է առարկայի ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր թեմաների տեսական նյութը։ Գործնական մասը ենթադրում է առարկայի ուսումնական ծրագրի բոլոր բաժիններից թեստային առաջադրանքների, խնդիրների, վարժությունների լուծում, համապատասխան մեթոդական ցուցումների տրամադրում։

Ինքնուրույն աշխատանքի ընթացքում վերապատրաստվողները կատարում են պարբերաբար տրամադրվող հանձնարարությունները։

Մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհար Հակոբյանը Մանկավարժականում մասնակցում է վերապատրաստումների․ գիտի՝ որտեղ է սխալվել, դրանք ուղղելի է համարում և հույս ունի, որ այս անգամ կհավաքի բարձր միավորներ։ Ընդգծում է՝ բուհի վերապատրաստող դասախոսների ու մեթոդիստների պրոֆեսիոնալիզմն այդ հնարավորությունն ընձեռում է։

Դասընթացի ավարտին մասնակիցները կանցնեն ամփոփիչ թեստավորում։