«Սևադա Սարգսյանի արվեստը մեկնաբանությունների արվեստ է՝ խորքային, թաքնված, սրտի ցավի, կսկծի, բողոքի և ինքնահաստատման ճանապարհով մեկնաբանված։ Վիրավոր, հիվանդ ծառեր, որ ոչ միայն պատերազմի բովով անցած մարդու մտորումներ են, այլև մեր հայրենիքի, մեր հողի և միաջավայրի մեկնաբանություն։ Ցավն ու տագնապը կրելով և վերափոխելով կերպարվեստի, վերածելով էսթետիզմի, նա մատուցել է իր արվեստը՝ բազմաշերտ ու խորքային»,-այսօր Մանկավարժական համալսարանում կայացած Սևադա Սարգսյանի անհատական՝ «Վիրավոր ծառեր» ցուցադրությանը նշեց Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Գամաղելյանը։
Արվեստաբանը նկատում է՝ Սևադա Սարգսյանն ունի գունանկարչական և գեղանկարչական մտածողություն, օգտագործել է կոլաժի սկզբունքը, աշխատել յուղաներկով և շատ բան է թաքցրել։ Շերտ առ շերտ պետք է բացահայտել՝ թե՛ իր, թե՛ մեր հոգու ցավերը․« Նա արտաշխարհ գնաց, տեսավ թե ինչպիսի գուրգուրանք կա բնության և շրջակա միջավայրի հանդեպ, եկավ, ցավով ու սիրով մատուցեց այն։ Սևադա Սարգսյանի մեջ կերպարանափոխություն եմ տեսնում․նա ինքանմերժման, ինքահաղթահարման ճանապարհով եկավ նոր փուլի»։
Սևադա Սարգսյանի «Վիրավոր ծառեր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի 35 աշխատանք ՝ վերջին երկու տարվա, հետպատերազմյան շրջանի գործեր։
Գրաֆիկա, գեղանկարչություն, ապլիկացիա, կոլաժ, քանդակներ, որոնք բոլորն էլ արտահայտում են բնապահպանական խնդիրներ։
Նկարաշարի հիմքում առաջնագծում ռմբակոծված կաղնին է․ գեղանկարիչն իր արվեստով փորձել է ներկայացնել ոչ թե պատերազմը, այլ մարդու ներգործության հետևանքները՝ բնապահպանության համատեսքստում։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը խոստովանում է՝ ներկայացված ստեղծագործությունների միտքն ու գաղափարն առաջացրել են ապրումներ, որ վաղուց չի ունեցել։
Պրոֆեսորը նկատում է՝ անկախ խորագրից՝ ցուցադրություն լի է սիրով։ Հուսով է, որ ներկայացված վիրավոր ծառերը հաջորդ ցուցադրությանը կլինեն կանգնուն՝ խորհրդանշելով զարթոնք․ այն, ինչ երազում է ցանկացած հայորդի․«Սևադա Սարգսյանն արվեստագետն ունի իր ուրույն ձեռագիրը։ Նրա գործերում երևում է ոչ միայն նկարչի կատարողական վարպետությունը, այլև այն խոհափիլիսոփայական, հոգեբանական ապրումները, որ ունեցել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Սա ոչ թե ցուցադրություն, այլ երկխոսություն է նկարչի և այցելուների միջև»։
Սևադա Սարգսյանը նշում է՝ կերպարվեստը հաղորդակցման միջոց է․ մինչ պատերազմն էլ իր աշխատանքներում անդրադարձել է բնապահպանական խնդիրներին, սակայն 44-օրյա պատերազմում արված մի քանի էսքիզ դարձավ ցուցահանդեսում ներկայացված գործերի հիմքը։ Նկարիչը կարծում է, որ գարնան առաջին օրը պետք է ոչ միայն գովերգել բնությունը, նկատել գեղեցիկը, այլև մարդկանց ուշադրությունը հրավիրել բնության խնդիրներին, որ հաճախ մարդու անմիջական ներգործությամբ է պայմանավորված։
Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, այսօր արդեն արվեստաբան-մանկավարժ Սևադա Սարգսյանը, որ 22 տարվա դասվանդման փորձ ունի, հաճախ է լսում՝մանկավարժությունն ու կերպարվեստը համատեղելի չեն։
Նա, սակայն, կարծում է, որ կարողացել է սինթեզել այդ երկու ճյուղերը․ սիրում է կերպարվեստի մանկավարժությունը կամ մանկավարժության կերպարվեստը։
«Մեկ այլ միջավայր, խոհափիլիսոփայական այլ խնդիր, որտեղ մեկտեղված են պատերազմի, արհավիրքի, մարդու ներհոգեկանի ապրումները և զարթոնք՝ սեր, կյանք, բարություն, կյանքի շարունակականություն։ Պատկերների գունապնակը, մահվան բեկորները, որ կորստի տրամադրություն են հաղորդում, զուգորդված են գունեղության, մասրենու, խաչի խորհրդի հետ, որոնք տանում են սպասումների արդարացման»,- ցուցադրությանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Նկարչի վրձնի պրոֆեսիոնալ կիրառումից մինչև զգացմունքների, ապրումների, մտահաղացումների և մտապատկերների մարմնավորում, մասնագիտական և անձնային աճի կարողությունների ձեռքբերում․ բուհի ղեկավարը վստահ է՝ ֆակուլտետում արդեն ավանդույթ դարձած ցուցադրությունները յուրօրինակ վարպետաց դասեր են, երկխոսություն՝ արվեստի միջավայրում։