ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընտրովի նոր դասընթաց՝ ֆինանսների կառավարման ոլորտում
31.08.2023
Ընտրովի նոր դասընթաց՝ ֆինանսների կառավարման ոլորտում

Մանկավարժական համասարանում կայացած աշխատանքային հանդիպման ընացքում քննարկվեցին ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ իրականցվող «Անձնական ֆինանսների կառավարում» ընտրովի դասընթացի վերաբերյալ մանրամասներ։

Ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նշեց, որ նախկին հանդիպումների, Կենտրոնական բանկի դիտարկումների և առաջարկների արդյունքում՝ դասընթացի առարկայական նկարագրում և  ուսումնամեթոդական մոդուլում կատարվել են լրամշակումներ։

Պրոռեկտորը նշեց, որ չպետք է սահմանափակվել փոփոխություններով, այլ կրթության ոլորտում իրականացնել հեղափոխություն․ այս պահին արդեն իսկ կան երկու մեծածավալ ծրագրեր, դրանցից մեկը՝ ԲՏՃՄ ոլորտին վերաբերող։

Մարիաննա Հարությունյանը նշեց նաև, որ դասընթացի վերանայված տարբերակն առաջիկա ուսումնական տարում կներդվի բուհի երեք՝ Սկզբնական կրթության, Պատմության և հասարակագիտության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետներում․ «Ավարտելով համալսարանը, աշխատելով ուսուցիչ, ուսանողը կկարողանա դասընթացի շրջանակներում ձեռք բերած ֆինանսական կրթման վերաբերյալ գիտելիքները փոխանցել դպրոցական տարիքի երեխաներին»։

Ծրագրի ֆինանսական և բովանդակային պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որի հետ կնքվել է պայմանագիր, իսկ մեթոդական մշակման, դասընթացի կազմման, վերապատրաստումների իրականացման և ներդրման պատասխանատուն Մանկավարժական համալսարանի աշխատանքային խումբն է։

«Անձնական ֆինանսների կառավարում» դասընթացի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ, ձևավորել դրամական միջոցները գրագետ կառավարելու հմտություններ, որոնք նրանք կկիրառեն գործնականում։

Նշենք, որ «Անձնական ֆինանսների կառավարում» ընտրովի դասընթացը ներառելու է ֆինանսների կառավարման կարևորության գաղափարն ամրապնդող գործնական աշխատանքներ, խմբային քննարկումներ, տեսասահիկներ, խնդիրներ և ինտերակտիվ այլ մեթոդներ, որոնք կօգնեն ֆինանսական համակարգում ուսանողի կողմնորոշմանն ու արդյունավետ որոշումներ կայացնելու ունակության ձևավորմանը: