Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնամարզական բազայում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Նախ յուրաքանչյուր ֆակուլտետ ընտրեց իր լավագույն ուսանողին, այնուհետև 10 ֆակուլտետների ուսանողները մրցեցին իրար հետ։ ՀՊՄՀ 2023 «Լավագույն ուսանող» մրցույթին ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց և բարձր գնահատեց ուսանողների հասարակական ակտիվությունը, գիտական աշխատանքներում ներգրավվածությունը, ուսման մեջ առաջադիմությունը։ «Մաղթում եմ մասնագիտական աճի զարգացում, մանկավարժական համալսարանի առաքելությանը, մասնագիտական նկրտումներին, զարգացումներին և պատկերացումներին համահունչ արդյունքներ, որոնցով պայմանավորված կլրացնեք և՛ անձնային, և՛ մանկավարժական համալսարանի սպասումները»,- իր խոսքում նշեց ռեկտորը։
Ողջույնի խոսքից հետո Սրբուհի Գևորգյանը հանձնեց 10 լավագույններին հավաստագրերը և նվերները, այնուհետև հայտնի դարձավ ՀՊՄՀ 2023 թվականի «Լավագույն ուսանողի» անունը։
Այս տարի «Լավագույն ուսանող» ճանաչվեց Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արուս Այվազյանը։
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը նշում է. «2010թվականից ի վեր Ուսանողական խորհուրդը կազմակերպել է ՀՊՄՀ «Լավագույն ուսանող» մրցույթ-մրցանակաբաշխությունը։ Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողներին և մոտիվացնել նրանց լավ սովորելու, գիտական, կամավորական աշխատանքներում ներգրավված լինելու մեջ»։
Այս տարի նույնպես 10 ֆակուլտետի լավագույններն իրենց հանգիստը կանցկացնեն Վրաստանում՝ ունենալով 3 անմոռանալի օր։