Հունվարի 23-30-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեցին «Դասախոսական գավաթ-2024»- 12-րդ միջբուհական մարզական խաղերը։
Այս տարի առաջնությունն անցկացվեց 6 մարզաձևում՝ հրաձգություն, սեղանի թենիս, արագ շախմատ, բասկետբոլային նետումներ, բադմինտոն, պարանի ձգում: Այդ սպորտաձևերում ուժերը չափեցին հայաստանյան 15 բուհի շուրջ 200 դասախոսներ և աշխատակիցներ։
Տարիներ շարունակ մրցաշարին մասնակցում են նաև Մանկավարժական համալսարանի դասախոսները՝ տարբեր մարզաձևերում զբաղեցնելով մրցանակային տեղեր։ ՀՊՄՀ-ականներն այս տարի մասնակցեցին հրաձգություն մարզաձևի մրցաշարին՝ մարզիչ Իվան Կարապետյանի գլխավորությամբ։ Տղաների անհատական պայքարում՝ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Վահագն Խառատյանը՝ խոցելով 50 հնարավորից 49 թիրախ։
Վահագն Խառատյանն արժանացավ մեդալի, պատվոգրի և ստացավ խորհրդանշական պարգև։
Ի դեպ, Հայաստանի ուսանողական ֆեդերացիան, ամփոփելով անցյալ տարվա արդյունքներն այս մարզաձևում, Մանկավարժական համալսարանի թիմին արժանացրեց պատվոգրի՝ ակտիվ մասնակցության և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։