Պարի միջազգային օրվա առթիվ պարարվեստի մի խումբ երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով և պատվորգրերով:
Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի Ոսկե մեդալով են պարգևատրվել նաև ՀՊՄՀ Պարարվեստի ամբիոնի դոցենտ Վերա Ավետիսյանն ու դասախոս Արմեն Հովհաննիսյանը, իսկ նույն ամբիոնի դասախոս Ֆլորա Քարամյանին հանձնվել է պատվոգիր։
«Ոլորտում հսկայական աշխատանք է արվում․ յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործվի այն գնահատելու համար: Ձեր գործի ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է։ Պետության վերաբերմունքը ևս կարևոր է՝ ընդգծելու կատարվող գնահատելի աշխատանքը, ձեր ջանքն ու ներդրումը ոլորտի զարգացման մեջ: Վստահ եմ՝ միասին դեռ շատ անելիքներ ունենք»,-շնորհավորելով Պարի միջազգային օրվա առթիվ՝ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել, որ կարևոր է ոգևորել մարդկանց․ նոր վերելքներն ու հաջողությունները ծնվում են ոգևորությունից և, ըստ արժանվույն, գնահատվելուց:
Նախարարն անդրադարձել է նաև պարի դերին՝ հատկապես երեխաների կյանքում․ այն մանուկ հասակից կրթում է թե՛ մարմինը, թե՛ հոգին:
Ժաննա Անդրեսայանը կոչ է արել հանդես գալ տարաբնույթ ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք կմեծացնեն երեխաների սերն ու հետաքրքրությունը պարի հանդեպ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը պարարվեստի ներկայացուցիչներին մաղթել է ստեղծագործական նվաճումներ, որոնք կընդլայնեն պարարվեստի սահմաններն ու ավելի ընկալելի կդարձնեն այն:
Նշենք, որ ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում է Պարի միջազգային օրը։