Մանկավարժական համալսարանում կայացավ «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» խորագրով համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածուի շնորհանդեսը։
Ժողովածուն ամփոփում է ՀՊՄՀ-ի և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի նյութերը։ Դրանք ինչպես ընդհանրական տեսաբանական հարցադրումներ են, այնպես էլ պոլսահայ գրականության առանձին հեղինակների նվիրված հոդվածներ։
Շնորհանդեսին ներկա էին ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, անվանի գրականգետներ, բանասերներ, ուսանողներ։
«Համազգային»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը կարծում է, որ այս դժվարին օրերին հատկապես կարևոր է գիրք տպագրել, խոսել մշակույթի մասին․պետք է արժևորել և պայքարել՝ հանուն ազգային մշակույթի և պատմության․«Անվերջ կարելի է խոսել հայ գրականության մասին․ այն եզակի է և աշխարհում քչերն ունեն գրական նման հարուստ ժառանգություն։ Հայրենասեր ես, եթե գիտես ժողովրդիդ պատմությունը, գրականությունը, մշակույթը։ Բարեբախտաբար, այսօր էլ սփյուռքում ապրում և ստեղծագործում են անհատներ, որոնք վառ են պահում հայ մշակույթն ու դրա շարունակականությունը»։
ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ ընդգծեց՝ գիտաժողովը համախմբել է լավագույն գիտնականերին, որոնք Պոլիսը գիտեն ոչ միայն սրտով, այլև գրական ճանաչողության աշխարհով․«20-րդ դարում պոլսահայ աշխարհը նորոգեց իր ներկայությունը նորագույն գրականության շրջանակներում․ սկսվեց գրական շարժում, ի հայտ եկան երևելի դեմքեր, նվիրական անուններ, որոնք ունեցան վիթխարի նշանակություն։ Այսօր պոլսահայ գրականությունը նահանջի որոշակի շրջան է ապրում․այսօր էլ մտածում ենք՝ արդյո՞ք Պոլիսը կունենա իր շարունակական ընթացքը, կպաշտպանի՞ իր առաջնային բնագծերը։ Կարծում եմ՝ ժողովածուն կօգնի գտնել այս հարցերի պատասխանները»,-նշեց պրոֆեսորն ու հիշեցրեց Ռոպեր Հատտեճյանի հերոսներից մեկի պատգամը՝ մենք դատարապտված ենք ապրելու․այդ հարցում ուղղորդողը հայ գրականությունն է, որում մեծ արժեք է արևմտահայ գրականությունը։
ԵՊՀ պրոֆեսոր, սփյուռքահայ գրականության մասնագետ Վագգեն Գաբրիելյանը, կարևորելով գրքի լույսընծայումը, նկատում է՝ Պոլիսը խոհրդանշային առումով արևմտահայության կենտրոն էր, մշակույթի օրրան։ Ժողովածուն ամբողջացնում է «Պոլիս» երևույթը՝ կյանքը, մշակույթը, գիտակրթական տարբեր երևույթներ։
Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ ընդգծում է՝ ընթերցողի սեղանին դրված է հետաքրքրական գիրք, որտեղ պոլսահայ գրականությունը ներկայացվում է 20-րդ դարից մինչև մեր օրեր։
Կարծում է, որ գրականագիտական տարբեր հարցադրումներով լի ժողովածուն պետք է ունենա այլ հատորներ ևս․ասելիքը կա, պոլսահայ գրականության հետ կապված հարցադրումները ևս շատ են։
«Այսօրվա մեր կյանքի մեծագույն ողբերգությունը բաժանումներն են․ կարծում եմ՝ գիրքը կլցնի այդ ճեղքերը և կմիավորի հայությանը։ Գիտաժողովն ու գրքի ծնունդը փաստում են՝ չենք մոռացել Պոլսի հայությանը։ Հայ գրականությունը նաև այս ճանապարհով պետք է ավելի ճանաչելի և հարազատ դառնա ներկայիս սերնդին»,-շնորհանդեսին նշեց Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը։
Սուրեն Դանիելյանը շնորհանդեսին փոխանցեց Պոլսի Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ․Մաշալեանի գոհունակությունը՝ գրքի ստեղծման առթիվ։ Վերջինիս առաջարկով՝ Սուրբ Թարգմանչաց տոնին Պոլսում ևս կկայանա գրքի շնորհանդեսը։
Ժողովածուի նշանակությունն ու հայ գրականության ավանդույթները պահպանելու կարևորությունն իրենց ելույթներում ընդգծեցին նաև ՀՊՄՀ Ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանը, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, դոցենտ Վալերի Փիլոյանը, իսկ պոլսահայ գրողների ստեղծագործություններից ներկայացրեց ՀՊՄՀ շրջանավարտ Գարունա Երանոսյանը։