Նոր ուսումնական տարում ևս շարունակվում են Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող քաղաքագիտական լսումները:
Քաղաքականության հրատապ խնդիրներին անդրադարձող շարքի այս հանդիպման թեման էր «Կոնսոցիատիվ ժողովրդավարությունը որպես անվտանգության հայեցակարգ կամ դոկոտորին տարածաշրջանի և մեր երկրի համար», որի շուրջ զեկույցով հանդես եկավ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը:
Բանախոսն անրադարձավ քաղաքագիտության հիմնահարցերով զբաղվող խմբի մշակած նոր մոդելին՝ կոնսոցիատիվ ժողովրդավարությանը, ներկայացրեց դրա առանձնահատկություններն ու մեր երկրի համար անհրաժեշտության օբյեկտիվ կողմերը:
Բանախոսի կարծիքով՝ առանց պետության անվտանգության ապահովման, անհնարին է երկրի զարգացումը. «Մշակված մոդելը կապահովի Այսրկովկասի անվտանգությունը և կառաջարկի ժողովրդավարության զարգացում ոչ միայն տարածաշրջանի բազմակազմ հասարակություններում, այլև մեր երկրում՝ ենթադրելով հասարակության գերիշխանություն»:
Հայկ Սուքիասյանն այն համոզմունքին է, որ մոդելի կիրառումը ՀՀ-ում պետք է սկսել առաջին հերթին գաղափարական նշանակություն ունեցող կուսակցությունների դերը մեծացնելով:
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ քաղաքագիտական լսումների նպատակներից է լացկանությունը, իրերի օբյեկտիվ ընթացքին հանձնվելու տեսակետը մերժելու գաղափարով առաջնորդվելն է: Պրոֆեսորը ներկայացրեց երկիրը ճգնաժամից դուրս բերելու հակասական մի քանի լուծումներ՝ ներկայացնելով դրա շուրջ սեփական կարծիքը. «Մինչև քաղաքական հարցերը չլուծվեն, մեր երկրում տնտեսական և հոգեբանական ճգնաժամը չի հաղթահարվի. հարցն առավել քան քաղաքական է, ինչից խուսափում են պատասխանտուները»:
Անդրադառնալով մեր երկրում իրականացվող ժողովրդավարության ձևերին՝ Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ գործող ձևը ոչ մի դրական արդյունք չի խոստանում, իսկ մշակված կոնսոցիատիվ ժողովրդավարության մոդելը խմբի 1 տարվա աշխատանքի արդյունքն է և տարածաշրջանում ունի իր արդյունքը:
Վերջինս հավելեց նաև, որ սկզբում բուհում, ապա նաև հասարակությանը պետք է ներկայացվի մոդելի գաղափարը, քանի որ յուրաքանչյուրս պարտավոր ենք հաղթահարել հոգեբանական այն ճգնաժամը, լացկանության և կոռուպցիայի վիճակը, ինչը բնորոշ չէ մեր ժողովրդին. պետք է ունենանք զարգացած և հզոր երկիր:
Ձեռնարկի ավարտին եղավ քննարկում, ներկա ուսանողներն ու դասախոսներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսին: