Հայրենիքի սահմանները պաշտպանելիս Մանկավարժական համալսարանը կրկին զոհեր ունի:
Արմեն Ստեփանյանը Կուլտուրայի ֆակուլտետի 2018-2019 ուստարվա Օպերատորություն բաժնի շրջանավարտ էր: Բուհն ավարտել էր գերազանց առաջադիմությամբ: Կուրսընկերներն ընդգծում են՝ մարդկային բարձր որակներով երիտասարդ էր, որ հայրենիքը սիրում էր անմնացորդ:
«Տխուր ենք, բայց և հպարտ, որ ունենք նման երիտասարդներ. Արմենը փայլուն է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Փառք և խոնարհում»,-www.old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը:
Ազատ Մաջարյանը ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանն ավարտել է 2018-ին: Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հիշում է` Ազատ Մաջարյանը աշխույժ ու խելացի աշակերտ էր, բարի ու աշխատասեր մարդ:
ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արմեն Ստեփանյանի և Ազատ Մաջարյանի հարազատներին, զինակիցներին, ընկերներին։